Հարց ու պատասխան
Հարց. Երեխայիս հետ կոնֆլիկտ ունեմ, ինչպե՞ս լուծեմ
Պ․ Պահպանեք հանգստություն, կենտրոնացեք խնդրի վրա։ Փոխզիջումների գնացեք և ընդունեք, որ մեծահասակը Դուք եք։ Հարկավոր է կոնֆլիկտը լուծել մեծահասակի դիրքից, վերցնել իրավիճակի պատասխանատվությունը Ձեր վրա, լինել համբերատար, խուսափել խրատներ տալուց։ Այդ դեպքում, դեռահաս երեխա-ծնող հարաբերության մեջ դրական փոփոխություններ կնկատվեն, և կոնֆլիկտի լուծումը գտնելն ավելի հեշտ կլինի։
Հարց. Ինչպե՞ս կարող եմ օգնել դեռահասին դպրոցական հարցերում
Պ․ Տանը ստեղծեք բարենպաստ միջավայր։ Նա պետք է իր անկյունն ունենա, որտեղ կարողանա կենտրոնանալ դասերի վրա և միաժամանակ լիարժեք հանգստի հնարավորություն ունենա։ Բացի այդ, զերծ մնացեք դեռահասին դասապրոցեսի հետ կապված պիտակավորելուց, քանի որ նման պիտակավորումը (օր․՝ ծույլիկ ես, էլի ոչինչ չի ստացվում քո մոտ, և այլն) դեռահասի մոտ ստեղծում է բացասական համոզմունք և դրդում “արդարացնել” իրեն տրված պիտակը։
Աջակցեք դեռահասին ուսման պրոցեսում, խրախուսեք ամեն դրական արդյունք և ուրախացեք ունեցած առաջընթացով։
Հարց. Ի՞նչ պետք է իմանա երեխաս մինչ սոց․ ցանցերից օգտվելը
Պ. Դեռահասը պետք է տիրապետի կիբեր-անվտանգությանն առնչվող հիմնարար ինֆորմացիայի։ Բացատրեք նրան, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ համացանցով տեղեկատվության հանրային տարածումը, ինչ պետք է նա անի օնլայն վիրավորանքների և կիբերբուլիինգի առնչվելու դեպքում (դիմի Ձեզ)։ Վստահեցրեք երեխային, որ անգամ խիստ անձնական բովանդակության նկարների կամ ինֆորմացիայի տարածման դեպքում, նա կարող է դիմել Ձեր օգնությանը։Ստեղծեք ապահով միջավայր, որպեսզի դեռահասն առանց վախենալու դիմի Ձեզ որևէ հարցի կամ խնդրի դեպքում։
Հարց. Ինչպե՞ս կարող եմ օգնել իմ դեռահասին բարձրացնել ինքնագնահատականը
Պ. Ֆիքսեք և կարևորեք նրա ձեռքբերումները, հաճախ գովեք նրան, անկեղծորեն հիացեք նրանով, նաև կիսվեք Ձեր էմոցիաներով և ցույց տվեք Ձեր սերը։ Դեռահասության տարիքում կայուն ինքնագնահատականի ձևավորման վրա ազդում է նաև դեռահասին տրված անկախությունը, որը ընդունվում է դեռահասի կողմից որպես վստահություն իր անձի հանդեպ, այդպիսով ստեղծելով ինքնավստահություն։ Թույլ տվեք դեռահասին կատարել իր համար անվտանգ գործողություններն առանց Ձեր օգնության, ինչը նույնպես կստեղծի ինքնավստահություն սեփական ուժերում` ազդելով կայուն ինքնագնահատականի զարգացման վրա։
Հարց. Ունեմ դժվարություններ դեռահասի դաստիարակության հարցում։ Ի՞նչ խորհուրդ կտաք
Պ․ Նախ և առաջ ստեղծեք վստահելի հարաբերություններ դեռահասի հետ։ Հաճախ ունեցեք անկեղծ զրույցներ նրա հետ, զերծ մնացեք խրատական ոճից և փորձեք լինել ընկեր նրա համար։ Հարկ է նշել, որ դեռահասությունն ինքնին դժվար շրջան է առաջին հերթին դեռահասի համար։ Այս շրջանում ֆիզիոլոգիական, հորմոնալ և էմոցիոնալ կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում, որոնք չեն կարող չազդել դեռահասի վարքի վրա։ Այդ իսկ պատճառով դեռահասը կարող է ցուցաբերել ագրեսիվ վարք, ունենալ տրամադրության կտրուկ փոփոխություններ։ Դաստիարակության կոշտ, ավտորիտար ոճը այս բարդ տարիքային շրջանում ավելի է վնասում ծնող-դեռահաս հարաբերություններին, ուստի նախընտրելի է լինել համբերատար, հասկացող և չսահմանել բարձր սպասելիքներ։
Հարց․ 14 տարեկան տղայիս հետ շփումը դարձել է բարդ։ Ինչ անեմ?
Պ․Շատ կարևոր է ուշադրությամբ և ըմբռնումով լսել դեռահասին։ Բավականին հաճախ մենք կենտրոնանում ենք խոսելու և ոչ թե լսելու վրա։ Եթե ստեղծեք լուռ միջավայր, որը երեխային խոսելու հնարավորություն կտա, նա ավելի հեշտությամբ կկիսվի Ձեր հետ։ Ցույց տվեք, որ Ձեր նպատակը լսել և հասկանալն է, այլ ոչ թե Ձեր կարծիքը թելադրելը:
Ցույց տվեք, որ պատրաստ եք լսել նրա խնդիրների մասին և կլինեք կողքին անկախ ամեն ինչից։
Հատկապես կարևոր է չքննադատել երեխայի զգացմունքները՝ հարգանք ցուցաբերելով Ձեր երեխայի ապրումների նկատմամբ: Սա կօգնի դեռահասին ընդունել և ավելի հանգիստ արտահայտել էմոցիաները։
Հարգեք դեռահասի կարծիքը և թույլ տվեք ազատ լինել հաղորդակցման ընթացքում։
Եղեք համբերատար և պատրաստ անսպասելի իրավիճակների՝ հասկանալով, որ դա անձնական զարգացման բնական մասն է:
Քննադատելու փոխարեն փորձեք հասկանալ նրա տեսակետը և օգնեք զարգացնել ինքնադրսևորման հմտությունները: Պատրաստ եղեք գնալ փոխզիջումների և համագործակցել՝ բաց և առողջ հաղորդակցություն պահպանելու համար:
Հարց. Ինչպե՞ս քննարկել զգայուն թեմաները դեռահասի հետ
Պ․ Տանը ստեղծեք ապահով միջավայր, որտեղ դեռահասն իրեն ազատ կզգա կիսվելու համար։ Ուշադիր լսեք երեխային և տրամադրեք միայն ճշգրիտ տեղեկատվություն թեմայի շուրջ։ Եթե համոզված չեք՝ ինչ պատասխանել, կարող եք դեռահասի հետ միասին ուսումնասիրել այն համացանցի միջոցով, ստուգել ինֆորմացիայի հավաստիությունը, ապա միասին քննարկել զգայուն թեման։
Հարց. Տղաս ծխում է։ Ի՞նչ կարող եմ անել
Պ․ Նախ և առաջ զրուցեք նրա հետ, բացատրեք ծխախոտի վնասը և թույլ տվեք, որ Ձեր տղան կիսվի ծխելու իր դրդապատճառներով։ Այդ դրդապատճառներն իմանալով Դուք ավելի լավ կկողմնորոշվեք, թե ինչ ուղղությամբ շարժվեք՝ վնասակար սովորության դեմ պայքարում։ Այնուամենայնիվ, Ձեր պայքարը կարող է անարդյունք լինել, քանի որ ծխախոտը կախվածություն առաջացնող արտադրանք է։ Կախվածության առաջացման դեպքում ցանկալի է դիմել մասնագետի օգնության։ Կախվածության դեպքում Ձեզ կարող են օգնել հոգեբանները, հոգեբույժները և ընտանեկան բժիշկը։
Նիկոտինային կախվածությունից ազատվելու նպատակով դիմե՛ք «ծխելու դադարեցման թեժ գիծ»՝ անվճար խորհրդատվություն ստանալու` 060 44 00 01:
Հարց. Աղջիկս 8 տարեկան է։ Արդյո՞ք արժե արդեն խոսել դաշտանի մասին
Պ․ Աղջիկների մոտ սեռական հասունացումը սկսվում է 8-12 տարեկանում, ուստի արդեն այս տարիքում կարելի է խոսել սեռահասունացման ընթացքի, այդ թվում՝ դաշտանի մասին։ Ինքներդ ուսումնասիրեք, թե ինչ է իրենից ներկայացնում այդ ֆիզիոլոգիական պրոցեսը, որպեսզի կարողանաք լիարժեք տեղեկատվություն հաղորդել Ձեր երեխային։ Մի՛ ամաչեք և ներկայացրեք թեման մաքսիմալ հանգիստ, առանց լարվելու։ Երեխան պետք է տեղյակ լինի, որ դաշտանն ուղեկցվում է արյունով և դա նորմալ է։ Պետք չէ ամաչել կամ զզվել այս պրոցեսից։ Աղջիկը պետք է տիրապետի հիգիենայի կանոններին և դաշտանի առկայության դեպքում դիմի մայրիկին։