
Տագնապը դեռահասության շրջանում շատ տարածված հոգեբանական խնդիր է։
Այս երևույթը հասկանալը, պատճառները գտնելը և աջակցություն ցուցաբերելը կարող է իր մեծ դերը խաղալ դեռահասի հուզական վիճակի բարելավման մեջ։
Տագնապի զգացումն առաջանում է, երբ առկա է ներքին ուժեղ լարվածություն, արագանում է շնչառությունը և սրտխփոցները սկսում են հաճախանալ, առաջ է գալիս վախի զգացում ապագայի կամ այլնի հանդեպ։
Ժամանակ առ ժամանակ ի հայտ եկող անհանգստության դրվագը նորմալ երևույթ է՝ հատկապես դեռահաս տարիքում: Այն կարող է օգնել դեռահասին դպրոցի, սպորտի կամ որևէ այլ գործունեության մեջ ուժերը մոբիլիզացնել: Տագնապի ու վախի զգացումը նաև կարող է դեռահասներին (և բոլորին) հեռու պահել վտանգավոր իրավիճակներից և վարքագծերից։ Սակայն այն պետք է լինի «չափի մեջ»։ Այս իմաստով կարևոր է հասկանալ տանգնապի և տանգնապային խանգարման տարբերությունները։ Բնական տագնապը հիմնականում առաջանում է իրավիճակային, օրինակ՝ քննությունից առաջ կամ ելույթից առաջ, չի ազդում կյանքի որակի և գործունեության վրա։ Տագնապային խանգարումը կրում է ավելի քրոնիկ բնույթ, ազդում է կյանքի գրեթե բոլոր բնագավառների վրա, սոցիալական կյանքի, ուսման վրա և այլն։ Այս դեպքում շատ ցանկալի է ծնողի միջամտությունը և մասնագիտական աջակցությունը։
Այժմ եկեք ծանոթանանք տագնապի նշանների և դրանց դրսևորման ձևերի հետ։
Տագնապի դրսևորման ձևերից մեկը ֆիզիկականն է, որը արտահայտվում է՝
● Անքնության կամ քնի խանգաման ձևով
● Հոգնածության և սպառվածության զգացումով
● Առանց օրգանական պատճառների որովայնի կամ գլխի հատվածում ցավերով։
● Մկանային լարվածությամբ, դողով։
Հուզական նշաններն են՝
● Մշտական լարվածություն, անհանգստություն
● Հաճախ կրկրնվող «խուճապային գրոհներ»։
●Անինքնավստահություն, նեգատիվ ինքնազգացողություն։
● Խուսափում շփումներից։
● Մշտական վախ և անհանգստություն ապագայի հետ կապված։
Վարքային նշաններն են՝
● Սննդային վարքի փոփոխություն՝ ախորժակի կորուստ կամ չափից շատ քաղցի զգացում։
● Խուսափում իրավիճակներից, որոնք կարող են առաջացնել տագնապ, լարվածություն։
● Ագրեսիվ, գերզգայուն վարք։
● Խնդիրներ ուսման մեջ։
Ինչպե՞ս օգնել․
Շատ կարևոր է թույլ տալ դեռահասին արտահայտել իր հույզերն ու զգացմունքները, լսել և ընդունել առանց գնահատականներ տալու՝ միասին փնտրելով տարբերակներ այդ վիճակից դուրս գալու համար։ Ստեղծեք ապահով միջավայր, որտեղ դեռահասը չի վախենա քննադատությունից, որպեսզի հեշտ լինի անհանգստացնող երևույթները և հարցերը քննարկել։ Այս փուլում շատ կարևոր է լիարժեք և բալանսավորված սնունդը, բավարար քունը, սպորտով զբաղվելը, հոբբիներին ժամանակ հատկացնելը, ակտիվ շփումները և սոցիալիզացիան։
Կարևոր է նաև դեռահասին զերծ պահել գերծանրաբեռնված ուսումնական գրաֆիկից, նվազեցնել սպասելիքները և լինել աջակից ու օգնական, երբ դեռահասը ինքնուրույն չի կարողանում իր խնդիրները լուծել։ Հիշեք նաև, որ մասնագիտական օգնությունը նույնպես կարևոր գործիք է տագնապի դեպ պայքարելու համար։