TeensLIVE Երիտասարդական Փառատոն․ զորեղացնելով երիտասարդներին, ոգեշնչելով փոփոխությունը

Տվյալ նյութը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքում առկա մեդիա հաղորդագրության թարգմանություն։ Բնօրինակին կարող եք ծանոթանալ այստեղ․ https://iite.unesco.org/news/teenslive-youth-fest-2023-empowering-youth-inspiring-change/

2023թ․-ի դեկտեմբերի 16-ին Երևանում տեղի ունեցավ TeensLIVE Երիտասարդական Փառատոնը։ Միջոցառմանը ներկա էին 250-ից ավելի հյուրեր, այդ թվում` ծնողներ, դեռահասներ, որոնք մասնակցեցին ՄԻԱՎ/ՁԻԱՀ, հոգեկան առողջություն, բուլիինգ թեմաների շուրջ ինտերակտիվ քննարկումներին։ 

Կրթական սեսիաներ և ներառական քննարկումներ

TeensLIVE նախագծի ղեկավար Արուսիկ Մկրտչյանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Երիտասարդական Ծրագրերի համակարգող Եկատերինա Սամոլիգոյի բացման խոսքով տրվեց ինֆորմատիվ և ժամանցային սեսիաներով լի օրվա սկիզբը։ Բացման խոսքով ներկայացան նաև առողջ ապրելակերպի ազգային էքսպերտներ Մարինա Մելկումովան և Եվա Մովսեսյանը։ 

Առաջին սեսիան՝ «Ավելին իմանալ ՄԻԱՎ-ի մասին» նախատեսված էր հենց դեռահասների համար։ Սեսիայի խոսնակն էր «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ի սոցիալական աշխատող Տաթև Նալբանդյանը, իսկ սիրված դերասանուհի Արաքս Խաչատրյանը ներկա էր որպես հաղորդավար։ Հանդիպման ընթացքում մանրամասնորեն ներկայացվեցին ՄԻԱՎ-ի մասին տարածված կարծրատիպերը (և դրանց ժխտումները), ՄԻԱՎ-ի փոխանցման և կանխարգելման ուղիները։ 

Սեսիայի հաջորդող հատվածներում խոսնակները բացահայտեցին ՄԻԱՎ-ի և գենդերի միջև կապը, և թե ինչ ազդեցություն ունի ՄԻԱՎ-ով ապրելը և հասարակության վերաբերմունքը մարդու հոգեկան բարօրության վրա։

Մասնակիցները նաև ակտիվ և դրական արձագանք տվեցին սթրեսը նվազեցնելու և հոգեկան առողջության աջակցության մասին ինտերակտիվ հատվածին։

Սեսիայի ավարտին քննարկում ծավալվեց ՄԻԱՎ-ի մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված երիտասարդական նախաձեռնություններին։ Մասնակիցներն ուղղեցին իրենց հարցերը խոսնակներին, ինչպես նաև ծանոթացան ՄԻԱՎ-ի վերաբերյալ հայաստանյան և միջազգային օգտակար ռեսուրսների հետ։

Զուգահեռաբար ծնողները մասնակցեցին «ՄԻԱՎ / Ի՞նչ պետք է իմանա ծնողը» սեսիային, որը վարում էր «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ի նախագահ Ժենյա Մայիլյանը։ Այս հանդիպումը սկսվեց ՄԻԱՎ-ի հիմունքներին ծանոթանալով, ապա մասնագետն ավելի մանրամասն խոսեց ընտանեկան աջակցության, ինչպես նաև ծնողավարության մասին։ Քննարկվեցին իրավիճակները, երբ ծնողներից մեկն ապրում է ՄԻԱՎ-ով։

Փառատոնը շարունակվեց դեռահասների համար նախատեսված «Բացահայտիր քո ներուժը» սեսիայով, որի խոսնակն էր ԱՀԿ և ՅՈՒՆԵՍԿՕ էքսպերտ, հոգեբան Նունե Վարդանյանը, իսկ հաղորդավարը՝ լրագրող և ինֆլյուենսեր Զառա Ղազարյանը։ Սեսիան հոգեկան բարօրության պահպանման, տագնապի հետ աշխատելու և սթրեսի հանդեպ դիմակայություն ձևավորելու մասին էր։

Զուգահեռաբար ծնողները մասնակցեցին «Բարդ շրջան ծնողի համար կամ ԴԵՌԱՀԱՍՈՒԹՅՈՒՆ» հանդիպմանը, որը սկսվեց հասունացման, դեռահասության շրջանում սթրեսի կառավարման, դեռահասների մոտ դիմակայության ձևավորման և ծնողների համար ինքնախնամքի մասին քննարկումներով։ Սեսիան վարում էր հոգեբան Անի Ազիզյանը, իսկ հաղորդավարը 5 երեխաների մայր, հայտնի ինֆլյուենսեր Գայանե Պողոսյանն էր։ 

Փառատոնի ավարտին ծնողները և դեռահասները ներկա գտնվեցին բուլիինգի թեմայով միացյալ սեսիային, որը վարում էր հոգեբան Անահիտ Արզումանյանը և TeensLIVE նախագծի ղեկավար Արուսիկ Մկրտչյանը։ Սեսիան վերաբերում էր բուլիինգի հոգեբանությանը, բուլիինգում դիտորդների դերին և նպատակ ուներ բուլիինգի դեմ պայքարում զորեղացնել և՛ դեռահասներին, և՛ ծնողներին։ Սեսիայի ավարտին հյուրերը հնարավորություն ունեցան մասնակցելու ինտերակտիվ հարց ու պատասխանին և բուռն քննարկմանը։ 

 Փառատոնի ամբողջ ընթացքում կազմակերպվեցին նաև  ստեղծագործական-ժամանցային միջոցառումներ, որոնք դինամիկ ընթացք հաղորդեցին միջոցառմանը, այդ թվում՝ յոգայի, մեդիտացիայի բաց դասը, կարծրատիպերը կոտրելու քարտային խաղը, օրիգամի և ամանորյա խաղալիքներ պատրաստելու վարպետաց դասերը։ Հյուրերը նաև հնարավորություն ունեին մասնակցելու նկարչուհի Ալիսա Ազատյանի գեղանկարչության բաց դասին, որը ներառում էր նաև (օպցիոնալ) հոգեբանական վերլուծություն հոգեբան Մանե Սողոյանի կողմից։ 

Մասնակիցների հետադարձ կապը ցույց է տալիս Փառատոնի ազդեցությունը

TeensLIVE-ի կամավորներից մի քանիը կիսվել են իրենց տպավորություններով. «Փառատոնը 2023-ի իմ ամենահիշվող երիտասարդական միջոցառումներից էր։ Հուսով եմ՝ նմանատիպ միջոցառում կլինի նաև հաջորդ տարի», «Ես զարմացել էի, թե ինչքան տեղեկացված էր լսարանը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ։ Դա հրաշալի է։ Շատերը ստացել էին այդ ինֆորմացիան TeensLIVE-ի սոց․ մեդիայի հարթակներից»։ Մասնակիցներից մեկն էլ նշել է․ «Հոգեկան առողջության սեսիայի շնորհիվ, ես դեռահասների մոտ հաճախ հանդիպող հոգեկան առողջության խնդիրների մասին սովորեցի։ Հոգեբանի խորհուրդները շատ պրակտիկ էին, հաստատ կօգտագործեմ իմ կյանքում»։

Կապերի հաստատում

250-ից ավել ծնողներ և դեռահասներ ակտիվորեն մասնակցեցին Փառատոնի տեղեկատվական և կրթաժամանցային սեսիաներին։ TeensLIVE-ը համագործակցեց հայտնի, երիտասարդների կողմից սիրված ինֆլյուենսերի հետ՝ սոցիալական մեդիայի արշավի միջոցով Փառատոնի մասին տեղեկատվությունը տարածելու համար։ Արշավն ապահովեց 210,000+ անձանց շրջանում տեսանելիություն։ Փառատոնի հաջողության գրավականն էին էքսպերտների և ինֆլյուենսերների հետ ռազմավարական համագործակցությունները, ինչպես նաև՝ նվիրված կամավորների քրտնաջան աշխատանքը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն և TeensLIVE-ը շնորհակալություն են հայտնում «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ին, Ծնողի դպրոցին (Parenting School Armenia) և Հոգեկան առողջության նախաձեռնությանը՝ Փառատոնի հաջողությանը նպաստելու համար։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ համայնքում դրական փոփոխությանը նպաստող ներառական տարածքների ստեղծմանը։

TeensLIVE-ի մասին

TeensLIVE-ը ինտերակտիվ երիտասարդական թվային մեդիա նախագիծ է, որն աջակցություն է ստանում Կրթության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների ՅՈՒՆԵՍԿՕ-ի ինստիտուտի (ԿՈՏՏԻ) կողմից՝ նպատակ ունենալով տրամադրել համապարփակ առողջության և հարաբերությունների մասին կրթություն հայաստանաբնակ դեռահասներին և երիտասարդներին։ Օգտագործելով առցանց գործիքներ ու սոցիալական մեդիա հարթակներ՝ TeensLIVE-ը լուսաբանում է կարևոր թեմաների լայն շրջանակ՝ ներառյալ դեռահասության շրջանում տեղի ունեցող փոփոխությունները, ֆիզիկական և վերարտադրողական առողջությունը, հոգեկան բարեկեցությունը, ՄԻԱՎ վարակի և տարբեր հիվանդությունների կանխարգելումը, միջանձնային հարաբերությունները, գենդերային հավասարությունը, մարդու իրավունքները, բռնության և բուլիինգի կանխարգելումը, ինչպես նաև մեդիագրագիտությունը:

6 փետրվար, 2024