
Շատ հաճախ դեռահասության փուլն իր հետ բերում է մեծ փոփոխություններ։ Դեռահասի մոտ ի հայտ են գալիս նոր վարքի ձևեր, փոփոխվում է հուզական դաշտը, ընկալումները, մտածողությունը և այլն։ Դեռահասը ձգտում է անկախության և ինքնուրույնության, որին շատ դեպքերում պատրաստ չի լինում ծնողը, քանի որ դեռահասության փուլի դրսևորումները լինում են շատ կտրուկ և վառ արտահայտված։ Դեռահասն այս փուլում փնտրում և «ծանոթանում» է ինքն իր հետ, սահմանում իր սկզբունքները, դիրքորոշումները, արժեքները, վարքի ձևերը, փորձում «պաշտպանել» դրանք։
Փոփոխությունները մարմնում և ուղեղում բերում են տրամադրության, ինքնագնահատականի հաճախակի տատանումների, ինչն էլ իր հերթին ազդում է վարքի վրա՝ դեռահասը դառնում է ավելի ագրեսիվ, զգայուն կամ պարփակված։ Այս ամենից ելնելով դեռահասները երբեմն ավելի քիչ են շփվում ծնողների հետ, նախընտրում են իրենց ժամանակն անցկացնել տարեկիցների հետ, քանի որ նրանց միավորում են նույն հետաքրքրությունները և խնդիրները։ Սա հաճախ հանդիսանում է անհանգստության առիթ ծնողի համար։
Ի՞նչ կարող է անել ծնողն այս դեպքում։
Ահա, մի քանի խորհուրդ
- Մի վախեցեք. դեռահասության փուլում ծնողը որպես հեղինակություն սկսում է ավելի պակաս դեր ունենալ, փոխարինվելով տարեկիցներով՝ դեռահասը նախընտրում է շատ ժամանակ անցկացնել ընկերների հետ, հաճախ մոռանալով ընտանիքի անդամների հետ շփման համար ժամանակ հատկացնելու մասին։ Այս ամենը լրիվ բնական է և նորմալ։ Ծնողները նորից կդառնան կարևոր մի քանի տարի անց, երբ դեռահասը կանցնի տարիքային հաջորդ փուլ։
- Լսեք և հասկացեք․ թվում է, թե շատ պարզ է, բայց միևնույն ժամանակ հաճախ ծնողին դժվար է ընդունել, որ «փոքր» թվացող խնդիրը այդքան մեծ կարևորություն ունի դեռահասի համար։ Չէ որ այդ խնդիրները նրա համար շատ անծանոթ են և նոր ու դեռահասին շատ դժվար է կողմնորոշվել, գտնել ճանապարհներ, լուծումներ և նա զգում է աջակցության կարիք, որտեղ չի լինի քննադատված, որտեղ կկարևորվեն իր հույզերը, զգացմունքներն ու մտքերը։
- Առողջ սահմանների պահպանում. երևի թե ամենաբարդ կետերից մեկը անձնական սահմանները հարգելն է։ Այստեղ ծնողները բախվում են իրենց համար բարդ խնդրի՝ մի կողմից դեռահասի անձնական սահմանները, ազատությունը չխախտելն է, մյուս կողմից անվտանգությունը ապահովելը, չէ՞ որ դեռահասներն առնչվում են բազմաթիվ նեգատիվ երևույթների հետ, որոնց ազդեցությունը շատ մեծ է, իսկ բացարձակ ազատությունն իր հերթին կբերի մի շարք ռիսկեր։ Այստեղ ծնողին կօգնի վստահության, ապահովության մթնոլորտ ստեղծելը, ներգրավված լինելը դեռահասի հետաքրքրությունների մեջ և համատեղ ժամանցը (ֆիլմ դիտել, զբոսնել, նկարել, լեզուներ սովորել․․․) ։ Եղեք ավելի բաց և ազատ դեռահասի հետ՝ ստեղծելով ընկերական հարաբերություններ, բայց միաժամանակ լինելով առաջնորդ։
- Ցույց տվեք ձեր սերն ու հոգատարությունը, այնպես որ դեռահասի համար դա լինի ընկալելի՝ հաճախ գրկեք ու համբուրեք նրան, խոսքով արտահայտեք ձեր սերը ու հիացմունքը։ Լավ խոսքեր ասելը երբեք ավելորդ չէ։