Կոնֆլիկտային հարաբերություններ դեռահասի և ծնողի միջև. պատճառները և լուծումները

Դեռահասությունը մարդու կյանքի ամենաբարդ փուլերից մեկն է։ Այս շրջանում դեռահասների մոտ տարածված է «ինձ ոչ ոք չի հասկանում» միտքը։ Այս փուլում սրվում են դեռահասի և ծնողի հարաբերությունները, դառնում կոնֆլիկտային և ծնողից պահանջվում է մեծ ճկունություն և իմաստություն, ինչու ոչ՝ նաև երբեմն հումորի զգացում, որ այս շրջանը ավելի սահուն անցակացնելու համար։ Ընդունեք այն փաստը, որ դեռահասային տարիքում  նորմալ են «բունտերը», քանի որ ծնողն այն առաջին սոցիումն է, որտեղ դեռահասը սովորում է ինքն իրեն ու իր շահերը պաշտպանել։ Ավելի մտահոգիչ կլիներ, եթե դեռահասը այս փուլում ցույց չտար իր ես-ը։

Ի՞նչ անել 

  1. Լսել դեռահասին։ Պետք չէ դեռահասին վերաբերվել ինչպես երեխայի՝ դա վիրավորում է նրան։ Հաճախ տվեք «Իսկ դու ի՞նչ ես մտածում այս հարցի շուրջ», «Ինչպե՞ս ճիշտ կլինի վարվել այս կամ այլ իրավիճակներում», «Ինձ շատ հետաքրքիր է քո կարծիքը» հարցերն ու արտահայտությունները։ Դեռահասության փուլում շատ զարգացած է ստեղծագործ «կրեատիվ» միտքը և դեռահասից նույնպես կարելի է սովորել։
  2. Հարգել դեռահասին։ Շատ հաճախ դեռահասները բախվում են ծնողական կատեգորիկ արգելքներին։ Նմանատիպ արգելքներն առաջացնում ու ամրապնդում են կոնֆլիկտները, քանի որ դեռահասին թվում է, թե ծնողները չեն վստահում իրեն։ Փոխարինեք հրամայական վերաբերմունքը ընկերականով։ 
  3. Տալ ընտրության հնարավորություն։ Որոշում մի’ կայացրեք դեռահասի փոխարեն, մի’ պարտադրեք Ձեր մոտեցումը․ «Ես քո ծնողն եմ, ավելի լավ գիտեմ, թե քեզ համար որն է ճիշտ»։ Փորձեք միասին գտնել տարբերակներ, լուծումներ և քննարկել դրանց հետևանքները։
  4. Ընդունել դեռահասի հետ կատարվող փոփոխությունները։ Այս փոփոխությունները լինելով  որոշ կոնֆլիկտների հիմքում, ստիպում եմ դեռահասին իրեն զգալ չհասկացված, չլսված, կամ անազատ, արդյունքում նա դառնում է ագրեսիվ, դյուրագրգիռ, փակվում արտաքին աշխարհից և ծնողներից։ Տեղին ցուցաբերած հոգատարությունը, ուշադրությունը, տոլերանտությունը կարող են մեղմել իրավիաճակը։ Միասին հետաքրքիր վայր գնալը և հետաքրքրվելը դեռահասի ապրումներով, ցույց տալով, թե դրանք ինչքան կարևոր են Ձեր համար։ Դուք նույնպես խոսեք Ձեր ապրումներից ավելի մտերիմ մթնոլորտ ստեղծելու համար։
  5. Բաց թողնելու գործընթաց։ Ծնողի համար դժվար է ընդունել այն փաստը, որ իր երեխան մեծանում է և փոքր քայլերով գնում է դեպի հասուն, ինքնուրույն կյանք, որտեղ իր կյանքն այլևս կառավարում է հենց դեռահասը։ Սա ծնողի համար նույնպես նոր կարգավիճակ է, որի հետ պետք է հաշտվել։ Այո, բարդ է, բայց այս փուլը ներդրում է թե ձեր առողջ հարաբերությունների, թե ազատ, ինքնավստահ և կայացած մարդ մեծացնելու մեջ։ Ցանկացած կոնֆլիկտ կարելի է ավելի հեշտ դարձնել պարբերաբար դրա միջից դուրս գալով և կողքից իրավիճակին նայելով։ Երբեմն վերցրեք այդ դադարը, արեք «հետ քայլ»։ Ի վերջո, կարելի է դիմել մասնագիտական աջակցության՝ ինքներդ ձեզ և խնդիրը հասկանալու ու լուծելու համար։