
Դեռահասության շրջանը հուզական, ֆիզիկական և հոգեբանական զարգացման, դրանց ինտենսիվ փոփոխությունների շրջան է։ Այն զուգորդվում է մի շարք խնդիրներով։
Խոսենք ամենահաճախ հանդիպող խնդիրների մասին։
1. Տատանվող ինքնագնահատական․ Սա կապված է հիմնականում արտաքին տեսքի, դրա փոփոխությունների հետ, որն էլ հանգեցնում է թերարժեքության բարդույթի։ Պատճառ կարող են հանդիսանալ արտաքինին վերաբերող մեկնաբանությունները ծնողների կամ տարեկիցների կողմից՝ համացանցի ազդեցությունը, գեղեցկության ստանդարտների թերընկալումը։ Որոշ դեպքերում այս ամենը կարող է հանգեցնել անգամ սննդային վարքի խանգարման, ուստի ծնողները հատկապես ուշադիր պետք է լինեն դեռահասի վարքին և սեփական մոտեցումներին։ Դեռահասի ինքնագնահատականի վրա կարող է նաև բացասաբար անդրադառնալ ուսումնական գործընթացի, ընկերների և ծնողների հետ հարաբերությունների մեջ եղած անհաջողությունները։ Արդյունքում ձևավորվում են բացասական դիրքորոշումներ սեփական անձի վերաբերյալ։ Այս դեպքում շատ կարևոր է ամրապնդել դեռահասի մոտ դրական պատկերացումն իր մասին՝ աջակցելով և նկատելով թեկուզ փոքր հաջողությունները։
2. Սոցիալական ադապտացիայի խնդիր․ Այն սկսվում է հենց ընտանիքում, ծնողների հետ հարաբերություններում՝ բերելով մի շարք կոնֆլիկտներ։ Դեռահատությունը նոր դերերին հարմարվելու, նոր դերեր յուրացնելու փուլ է և առաջին փորձերը հաճախ լինում են ընտանիքի անդամների հետ։ Այն սովորաբար կարող է լինել «բունտերի» տեսքով, սա այն զայրույթն է, որը դեռևս դեռահասը չի կարողանում կառավարել՝ շատ կարևոր է այդ զայրույթը բաց թողնել, քանի որ ճնշված զայրույթը հեշտությամբ վերածվում է պասիվ ագրեսիվ վարքի և աուտոագրեսիայի։ Բունտերը լինում են տարբեր բնույթի՝ սկսած չենթարկվելուց մինչև անօրինական գործողություններ։ Պետք է հիշել, որ սա ժամանակավոր է և հաղթահարելի այն դեպքում, երբ դեռահասն ունի աջակցություն, ապահովություն, հասկացված և լսված լինելու զգացում։ Այս կերպ դեռահասը փորձում է ինքնահաստատվել, գտնել իր տեղը հասարակության մեջ։
3. Դեպրեսիա․ Դեռահասները հաճախ առնչվում են այս վիճակի հետ սթրեսի, կոնֆլիկտների, ընտանեկան խնդիրների, ցածր ինքնագնահատականի, միայնակության զգացումի, ուսումնական ծանրաբեռնվածության հետևանքով։ Դեռահասներին այս դեպքում բնորոշ են լինում վատատեսական մտքերը, պատկերացումները, տխրությունը, պասիվությունը, մոտիվացիայի պակասը։
Դեռահասության փուլում հոգեբանական խնդիրներից զերծ մնալու համար շատ կարևոր է ստեղծել ապահով միաջավայր, թույլ տալ, որ դեռահասը արտահայտի իր հույզերը, զգացմունքները։ Կարևոր է որպես ծնող փորձել լսել ու հասկանալ առանց քննադատության։