Դեռահասության շրջանի հոգեբանական առանձնահատկությունները

Դեռահասությունը մանկությունից դեպի հասունություն տանող ճանապարհն է։ Այն ընդունված է անվանել նաև «անցումային», «ճգնաժամային», այլ կերպ `«դժվար» շրջան։ Ընդգրկում են 11-12 տարեկանից մինչև 14-15, 15-18 (ավագ դեռահասության շրջան) տարեկանը։ Այս փուլն իրենից ենթադրում է զարգացման բոլոր՝ ֆիզիկական, մտավոր, բարոյական և սոցիալական կողմերի հիմնական փոփոխությունները և առանձնահատկությունները։ Դրանից ելնելով  փոփոխվում և ձևավորվում են նաև վարքի, ապրելակերպի և սոցիումում հարաբերություններ կառուցելու նոր ձևեր։

Եկե՜ք խոսենք հիմնական առանձնահատկություններից և դրանց պատճառներից։

1. Հուզական անկայուն վիճակ․ Սա դրսևորվում է տրամադրության կտրուկ փոփոխություններով, երբեմն դրանք կարող են լինել անկանխատեսելի։  Դեռահասները շատ սուր  կարող են ապրել իրենց հույզերը՝ ինչպիսիք են` տխրությունը, ուրախությունը և ոգևորությունը, անտարբերությունը՝ «ինձ հետաքրքիր չի», «մեկ է ինձ», «ինձ պետք չեն դպրոցի դասերը», սրան կարող են հաջորդել տանգնապային կամ անհանգիստ վիճակները և այս հույզերը հիմնականում հաջորդում են իրար արագ ու ինտենսիվ։ Սրան նպաստող գործոններից են հորմոնալ, ֆիզիկական փոփոխությունները, այս փուլին բնորոշ ցածր ինքնագնահատականը, սթրեսը՝ կապված ուսումնական պրոցեսի հետ, հաճախ կոնֆլիկտային հարաբերությունները դասընկերների, ծնողների հետ և այլն։

2. Ինքնուրույնության ձգտում․ Սա սեփական «Ես»-ի փնտրտուքների փուլերից մեկն է, երբ դեռահասը փորձում է հասկանալ ով է ինքը, որտեղ են իր սահմանները, ինչն է իրեն հետաքրքիր, ինչը՝ ոչ, սահմանել սեփական սկզբունքները և արժեքները։ Այս գործընթացն է հաճախ ընկած կոնֆլիկտների հիմքում։ Դեռահասն այսպիսով սովորում է պաշտպանել իր սահմանները, ցանկությունները, որոշումները, այլ կերպ ասած փորձում է կառավել իր կյանքը։

3. Սոցիալական ակտիվության ձգտում․ Ընկերները և տարեկիցները սկսում են կարևորվել և մեծ տեղ զբաղեցնել դեռահասի կյանքում։ Սա թույլ է տալիս դեռահասներին չզգալ իրենց միայնակ, լինել հասկացված, կիսվել իրենց մտահոգող երևույթների մասին, արդյունքում սահմանել իրենց հետաքրքրությունները, դիրքորոշումները, վարքը, զգալ իրենց կարևոր, ինչը կարող է բարձրացնել ինքնագնահատականը։ Ընկերների հետ ստեղծել նոր փորձառություններ։

4. Կոգնիտիվ ունակությունների զարգացում․ Դեռահասների մոտ զարգանում է աբստրակտ մտածողությունը, նրանք սկսում են խորհել  կյանքի, բարոյական արժեքների և գաղափարների, իրենց դերի մասին այս կյանքում և այլն։

Դեռահասությունը կարևոր ինքնահաստատման և ինքնաճանաչման փուլ է։ Այս փուլում ծնողի աջակցությունն ու անվերապահ սերը կօգնեն դեռահասին անցնել այն ավելի մեղմ և առանց բացասական  հետևանքների։