
Դեռահասության շրջանը լի է մեծ փոփոխություններով, երբեմն վտանգներով, և սա բարդ է ոչ միայն դեռահասի, այլև ծնողի համար։ Դեռահասն առնչվում է մի շարք նոր իրավիճակների, կոնֆլիկտների հետ, որն իր հերթին կարող է լինել ահազանգ ծնողի համար։ Կարևոր է ուշադրություն դարձնել դեռահասի վարքի, քնի, սննդի ընդունման, շփման, արտաքինի, ոճի, հետաքրքությունների հետ կապված կտրուկ փոփոխություններին, քանի որ հենց սա կարող է ահազանգ լինել այն մասին, որ դեռահասը գտնվում է «ռիսկի գոտում»։ Այս ահազանգներն իմանալ և ճանաչելը կլինի հիմքային բանալին դեռահասին աջակցելու հարցում։
Եկեք հասկանանք, թե որոնք են այդ ահազանգերը, ինչպես ճանաչել և, ի վերջո, ինչպես արձագանքել այս պարագայում։
• Խմիչք և թմրանյութ
Ֆիզիկական նախանշաններ՝ կարմրած աչքեր, լայնացած բիբեր, արտասովոր հոտ կամ անծանոթ իրեր դեռահասի մոտ։ Թմրանյութի կիրառումը կարող է ազդել ախորժակի (օրինակ՝ դեռահասին ոչ բնորոշ, չափից շատ քաղցրի պահանջ) և քաշի վրա, ինչպես կտրուկ նվազելով, այնպես էլ՝ ավելանալով։
Այն դեռահասներին, որոնք առնչվում են թմրանյութի հետ, բնորոշ են տրամադրության կտրուկ փոփոխությունները՝ ուրախ, էյֆորիկ, ոգևորված վիճակին կարող է անմիջապես փոխարինել դյուրագրգիռ և ագրեսիվ տրամադրություն։
Դեռահասներն այս պարագայում հաճախ խուսափում են շփումից և զրույցներից տան անդամների հետ, դառնում են ավելի «թաքնված»։
• Խմբավորումներ
Խմբավորումներին միանալը տարածված երևույթ է դեռահասության շրջանում, սակայն սա կարող է իր լուրջ հետևանքները թողնել թե վարքի, թե առողջության, թե անվտանգության վրա։ Խմբավորումներին կարող են բնորոշ լինել «հանուն գաղափարի», «հանուն ընկերության», «կամ ընտանիք, կամ ընկերություն», « մեր ու ձեր տարածքներ», «հեղինակություններ» և մի շարք այլ գաղափարներ, որոնք բացասաբար կարող են ազդել թե դեռահասի արժեհամակարգի, թե նրա կամքի ազատ դրսևորման վրա։ Երբեմն դեռահասը վախից ելնելով, խուսափելով քննադատությունից կամ քարկոծվելուց խմբավորման կողմից, կարող է աչքաթող անել ուսումը, դեմ գնալ ընտանիքին, փախնել տանից, գողություն անել, վնասել ինքն իրեն, զբաղվել վանդալիզմով ՝ ցույց տալու համար իր «տղամարդկությունը» կամ նվիրվածությունը իր խմբավորմանը և սա կարող է իսկապես փորձություն դառնալ ծնողի համար։ Այստեղ պետք է նաև իր մեծ դերն ունենա կրթական համակարգը, ուսուցիչները։
Դեռահասները հաճախ մտնում են խմբավորումների մեջ աջակցություն փնտրելու, իրենց մենակ չզգալու, իրենք իրենց այլ դերում տեսնելու, փնտրելու, երբեմն «պաշտպանված» լինելու համար։ Որոշ դեպքերում շատ դժվար է լինում դուրս գալ խմբավորումից, սա իրենից կարող է ենթադրել մեծ վտանգ դեռահասի համար և ընկալվել որպես «դավաճանություն», այդ պատճառով կարող է դեռահասի համարձակությունը չներել դուրս գալու համար, կամ միգուցե դեռահասը իսկապես չի զգում բացասական հետևանքներն իր վրա։
Խմբավորման մեջ եղած դեռահասին բնորոշ են կենսակերպի և վարքի մի շարք փոփոխություններ։ Դեռահասները ովքեր պատկանում են որևէ խմբավորման, ունենում են աչքի ընկնող ոճային փոփոխություններ, իրենց խմբավորմանը բնորոշ լեքսիկոն, փոխվում է ապրելակերպը, ունենում են սպեցիֆիկ գաղափարներ, արժեքներ, սկզբունքներ։ Նկատվում է ուսումնական առաջադիմության կտրուկ նվազում, կորում է դասերի հանդեպ հետաքրքրությունը, կորում են իրենց բնորոշ սովորությունները, նախկինում եղած հետաքրքրությունները։
• Սուիցիդալ մտքեր և ինքնավնասման փորձեր
Աուտոագրեսիան և սուիցիդալ մտքերը լուրջ խնդիր են, որը պահանջում է թե ծնողների , թե դեռահասին շրջապատող մեծահասակների կողմից զգոնություն, ուշադրություն և աջակցություն, այստեղ շատ կարևոր է լինել ուշադիր, հոգատար, խուսափել խիստ և քննադատ լինելուց, դեռահասի լարվածությունը չսրելու համար, քանի որ կարող են լինել վտանգավոր հետևանքներ։ Աուտոագրեսիան (ինքնավնասում) դեռահասի համար իր հոգեբանական ծանր վիճակից դուրս գալու և իր հույզերը ցույց տալու միջոց է։ Կարևոր է նկատել նախանշանները՝ շուտափույթ օգնություն ցույց տալու համար։
Եկեք հասկանանք, թե որոնք են այդ նախանշանները և ինչպես են դրսևորվում։
• Փոփոխություններ վարքի մեջ։ Դեռահասը այս դեպքում կարող է խուսափել հանրային վայրերից, մարդկանց հետ առնչվելուց, նախընտրում են հաճախ մնալ մենակ,հիմնականում փակ են հագնվում՝ վնասվածքները, կտրվածքները թաքցնելու նպատակով։
• Բնորոշ քայլերից է նաև նամակներ գրելը, իրերը վերադասավորելը կամ այլ նախապատրաստական գործողություններ։
• Հուզական ապրումներ: Սուիցիդալ մտքեր ունեցող դեռահասներին բնորոշ են վատատեսությունը, հուսահատությունը, մշտական տխրությունը, սպառվածության զգացումը. Հաշվի առնելով, որ այս մտքերը շատ տանջող են, առաժանում է անզորության զգացում, անտարբերություն, անգամ հասարակ երևույթների հանդեպ, օրինակ՝ հիգիենայի։ Նրանց հաճախ կարող է թվալ, որ իրավիճակն անելանելի է։
Ի վերջո, ի՞նչ անել
Առաջին օգնությունը հոգեբանական աջակցությունն է։ Կարևոր է ստեղծել վստահության մթնոլորտ, որպեսզի դեռահասը տեսնի, որ ինքը հասկացված և լսված է, դա հնարավորություն կտա ծնող֊-դեռահաս հարաբերությունները դարձնել ավելի բաց ու ընկերական։ Դեռահասը ավելի հեշտությամբ կկիսվի իրեն մտահոգող հարցերի շուրջ։ Աջակցությունն ընտանիքի և ընկերների կողմից կարող է իսկապես որոշիչ դեր ունենալ, սակայն շատ կարևոր է չկորցնել զգոնությունը և ընկալել իրավիճակի լրջությունը, սա պահանջում է հետևողականություն։
Համապատասխան ինֆորմացիայի տրամադրում։ Դեռահասին շրջապատող հարազատները պետք է լուսավորեն նրան՝ բացատրելով, պատմելով իր արարքների հետևանքները, և ցանկալի է դա անել առանց քննադատելու և «դաս տալու», այլ ապահով միջավայր ստեղծելով։ Չափազանց կարևոր է այս ամենը մտցնել կրթական համակարգ՝ քննարկումների և ինֆորմացիա տրամադրելու տեսքով, որոշ հմտություններ և ինքնաճանաչողություն ձեռք բերելու համար, և ի վերջո կանխելու նպատակով։
Մասնագիտական աջակցություն (հոգեբան, հոգեթերապևտ, հոգեբույժ)։ Սա կարևոր է դեռահասի վիճակը գնահատելու, ծնողի հետ մոտեցումները քննարկելու, պատճառները հասկանալու, խնդիրը ավելի հիմքային լուծելու համար։
Որոշ դեպքերում անգամ հարկավոր է դիմել օրինապահ մարմիններին, օրինակ երբ դեռահասի հասցեին ուղղված են շանտաժներ, ահաբեկումներ և այլն։
Բոլոր այս դեպքերը պահանջում են կոմպլեքս մոտեցում։ Շատ կարևոր է, որ դեռահասն ունենա հասանելիություն իրեն անհրաժեշտ աջակցության և այս փորձությունը հաջողությամբ հաղթահարելու համար, գործողությունների մշակված նախագիծ։ Սա կլինի գրագետ ճանապարհը դեպի առողջ ու երջանիկ կյանք։